Վրաստանի Քութաիսի քաղաքում պաշտոնապես բացվել է Թումոյի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, իսկ առաջին ուսանողներին կենտրոնը կընդունի սեպտեմբերից։
Բացման միջոցառմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվիրիշվիլին, ինչպես նաև կառավարության և գործընկեր կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։
Նոր կենտրոնը տեղակայված է խորհրդարանի նշանավոր շենքում, որը հայտնի է իր ֆուտուրիստական ապակե գմբեթով և այժմ ծառայելու է որպես Տեխնոպարկ։ Նոր կենտրոնը շաբաթական 1.800 ուսանողի հնարավորություն կտա անվճար ստանալու տեխնոլոգիաների ու դիզայնի նորարարական կրթություն՝ ուսումնասիրելով Թումոյի ոլորտներից 11-ը։
Նախագիծն իրականացվել է Վրաստանի ինովացիաների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) նախաձեռնությամբ, որի նպատակն է զարգացնել երկրում նորարարական էկոհամակարգն ու տեխնոլոգիական ենթակառուցվածքները։